Ի՞նչ է ապոստիլը
Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման (լեգալիզացման) փոխարեն կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ», որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի հիման վրա ապոստիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա.
ՀՀ արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դրվում է «Նոտարների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նոտարների կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի և պատճենների, նոտարի կողմից տրված վկայագրերի, նոտարի կողմից կատարված թարգմանությունների,
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված՝ ծննդյան, մահվան, ամուսնության վերաբերյալ փաստաթղթերի,
- դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի,
- դատավորների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա։
Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով։
Ապոստիլ չի դրվում այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են «Իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հոկտեմբերի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած ԱՊՀ անդամ երկրներ,
Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով։

